Փաստեր և խորհուրդներ ճանապարհորդության մասին

Տաթևում Ձեր հարմարավետ իջևանի և վանական համալիր կատարելիք շրջագայության համար առաջարկում ենք հետևել մի քանի պարզ խորհրդի՝

  • Անկախ տարվա եղանակից՝ պետք է ունենալ հարմարավետ, տաք և անջրաթափանցիկ հագուստ: Տարածաշրջանը գտնվում է Հայաստանի բարձրադիր գոտում (միջին բարձրությունը կազմում է շուրջ 1500 մետր ծովի մակարդակից), և եղանակն այստեղ չափազանց փոփոխական է: Նույնիսկ ամռանն այս տարածքում երեկոյան զով է, իսկ անամպ երկինքը կարող է արագորեն ծածկվել անձրևաբեր ամպերով: Արևից պաշտպանվելու համար հարկավոր է ունենալ գլխածածկ, ինչպես նաև ցանկալի է արևապաշտպան քսուք:
  • Նրանց, ովքեր հետաքրքրվում են կիրճում քայլարշավով, առաջարկվում է ունենալ հարմարավետ կոշիկ (օրինակ՝ քայլարշավի համար նախատեսված հատուկ կոշիկներ)՝ վնասվածքներից, քերծվածքներից, ինչպես նաև միջատների և օձերի խայթոցից ոտքերը պաշտպանելու համար:
  • Հարկավոր է մշտապես ունենալ խմելու ջուր:
  • Պետք է զգույշ լինել քարերի վրայով և բարձր խոտի միջով քայլելիս: