Արվեստ և մշակույթ

XIV դարի վերջին Տաթևի վանքում հիմնադրվեց Հարավային Կովկասի ամենահզոր համալսարանը որտեղ դասավանդում էին փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, ֆիզիկա, մաթեմատիկա և աստղաբաշխություն, գեղագրություն, մայրենի լեզու, քերականություն, պատմություն և ճարտարապետություն, ինչպես նաև մանրանկարչության արվեստ և որմնանկարչություն, գեղանկարչության հիմունքներ և գրքերի ձևավորման տեխնիկա Համալսարանի ծաղկումը կապված է Հովհաննես Որոտնեցու (1315-1388թթ.) և Գրիգոր Տաթևեցու (1346-1410 թթ.) ուսուցչապետության տարիների հետ:

Այստեղ մինչ օրս պահպանվել են այդ դպրոցի փոքրաքանակ, բայց արժեքավոր XIV-XV դարերի մանրանկարներ (Տաթևում մանրանկարչության դպրոց գոյություն ուներ դեռևս IX դարում) և իրենց շարունակությունն են գտել Գլաձորի մանրանկարչության դպրոցի լավագույն ավանդույթները: Տաթևի դպրոցի ներկայացուցիչներից մեկը՝ Գրիգոր Տաթևացին, 1378 թվականին պատկերազարդել է Ավետարանը: Նրա ստեղծագործություններն առանձնանում են մոնումենտալությամբ և կերպարների համաչափությունների պահպանմամբ: Մարդկանց դեմքերը շատ նուրբ և արտահայտիչ են պատկերված:

XV դարի սկզբի լավագույն վարպետներից մեկը Հայրապետն է (հիշատակվում է նաև Նաղաշ Հայրապետ անվամբ): Պահպանվել է նրա կողմից 1407 թվականին պատկերազարդված Ավետարանի մի մասը, ինչպես նաև «Հայսմավուրք» գիրքը (քրիստոնեական տոների, սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) հայկական ժողովածու): Նկարչի ստեղծած բազմերանգ զարդանկարները մանրանկարչական արվեստի հասուն գործեր են, որոնք առանձնանում են երանգների գունագեղությամբ և նրբությամբ: XV դարի վերջերին Տաթևում ստեղծագործում էր մանրանկարիչ Աբրահամը: Զարգացնելով Տաթևի և Գլաձորի մանրանկարչության դպրոցների ավանդույթները՝ կրել է Թորոս Տարոնացու արվեստի ազդեցությունը:

Տաթևի մանրանկարչության դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ բնույթի ձեռագրեր, որոնցում թեմատիկ մանրանկարներ չկան։ Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ 50 տարի և նշանակալի հետք է թողել հայ արվեստի պատմության մեջ:

Ինչով զբաղվել

Իմացիր ամեն ինչ Ինչով զբաղվել -ի մասին հետևյալ բաժիններում։